Այսօր: Շաբաթ, 20 Հուլիսի 2019թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1053
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
 
ԶԼՄ-ները մեր մասին
 
16/12/2017
Առանց տնտեսական գոտու էլ Մեղրում բնակարանների գներն ու վարձավճարները Երևանի ՀԱԹ–ի գների են. քաղաքապետ

Մեղրիում առանց ազատ տնտեսական գոտու էլ մշտապես նախատեսվում և իրականացվում է քաղաքի ենթակառուցվածքների թարմացում՝ նկատի ունենալով հարևան Իրանից զբոսաշրջիկների և տնտեսվարողների մշտական  և ավելացող  այցելությունները, ինչպես նաև հաշվարկները, որ այդ աճն ավելանալու է 2018 թ. հունվարի մեկից:  Եվ այս առումով, ամենակարևորը  զուգարանների հարցն է, որ իրանական կողմը մշտապես բարձրացնում է հայաստանյան պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ: Այս մասին Tert.am –ին  հայտնեց Մեղրու քաղաքապետ Մխիթար Զաքարյանը՝մանրամասնելով. «Իրենց զուգարանները այլ կերպ են և իրենք շատ դժվարությամբ են օգտվում: Եվ հանդիպումների ժամանակ իրենք միշտ այդ հարցը բարձրացնում են, միայն Մեղրիի մասով չէ, ընդհանրապես: Որ, եթե ուզում եք մեր զբոսաշրջիկների համար բարենպաստ պայմաններ լինեն, ապա այդ տարրական հարցը լուծեք:  Ինձ որ ամեն հանդիպման ասում են: Հիմա մենք 2018-ին նախատեսել ենք, նախագծման փուլում է»,-ասաց քաղաքապետը:

Իրան-Հայաստան  մաքսակետում արդեն իսկ նման զուգարաններ կառուցված են, սակայն մյուսները  նախատեսված է իրանցիների համար տրանզիտ հանդիսացող Մեղրուց դուրս եկող երկու ՝ դեպի Կապան ու Երևան շարժվող  ճանապարհների համար:

Հիշեցնենք,  որ երեկ Սյունիքում տրվեց Մեղրիի ազատ տնտեսական գոտու պաշտոնական մեկնարկը, և ինչպես հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը,  որ այս գոտին լավ վայր է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի , հարևան  Իրանի  ունեցած տնտեսական հնարավորություններն ու ռեժիմները մեր երկրում բիզնեսի զարգացմանը ծառայեցնելու համար: Հիշեցնենք նաև , որ ՄՏԳ-ն նախատեսված է կառուցապատել 2 փուլով և այս գործունեությունը կազմակերպելու համար առաջիկա տարիներին նախատեսվում է ներգրավվել 100-130 միլիոն դոլարի ներդրումեր  և   50-70 շահագործող ընկերություններ, որոնք հարևան Իրան պետք է արտահանեն 250 միլիոն դոլարի ապրանքներ:

Մեղրու քաղաքապետն այս առնչությամբ անկեղծորեն խոստովանեց, որ, քանի որ պաշտոնական  մեկնարկը տրվել է, շատ մեծ ու հավակնոտ ծրագրեր չունեն, և գոտու գործելուն հընթացս կճշտվեն ենթակառուցվածքների առումով նոր առաջնահերթությունները:

Մխիթար Զաքարյանի տեղեկացմամբ՝ քաղաքում էլ ավելի է աճելու բնակարանների վարձակալությունը, և քաղաքում, նրա խոսքով, առանց ազատ գոտու էլ բնակարանների գները համարյա հասնում են մայրաքաղաքին: Կոնկրետ Ագարակում (որը խոշորացման արդյունքում հիմա Մեղրի վարչական շրջանում է)բնակարանների գները թե՛ վարձի, թե՛ վաճառքի առումով գրեթե նույնն են, ինչ Երևանի Հարավ–արևմտյան թաղամասում:

«Մի քիչ էդ առումով բարենպաստ վիճակում ենք, բնակչությունը, ցավոք քիչ է, բայց չկա արտագաղթ և կա աշխատատեղերի առկայություն: Պղնձամոլիբդենային կոմբինատ ունենք, 2՝ հայկական և ռուսական զորամասեր կան: Մաքսակետն իր՝ ենթակառուցվածքներով: Ազատ գոտու հեռանկարը»,-թվարկեց Մեղրու քաղաքապետը:

Նա սպասում է ազատ գոտու համար ծրագրեր ունեցող  ներդրողներին, քանի որ ասում է՝ շատերն են հետաքրքրված՝ թե՛ իրանական, թե՛ հայկական կողմից:  Հիշեցնենք, որ երեկ արդեն 3 ներդրող իրանական ու հայկական կողմերի հետ արդեն ստորագրել են ազատ տնտեսական գոտում համագործակցության հուշագիր:

Մեղրու քաղաքապետը նշեց, որ 2018-ի հունվարի 1-ից փոխադարձաբար վերանալու են նաև Հայաստանի ու Իրանի մարդատար մեքենաների մուտքի վճարները: Եվ սրա համար իրանական մաքսակետում արդեն իսկ կառուցվել է մեքենաների կայանատեղի և իրանական սովորույթներով՝ սանհանգույցներ:

 

 

Tert.am
http://www.tert.am/am/news/2017/12/16/Mkhitar-zaqaryan/2566952

 
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner